Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ձերբակալվել են հունվարի 30-ին՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում։
Այս մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը (ՌԴ ՊՆ)։
Միաժամանակ նշվում է, որ հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը (հատուկ նշանակության) Վանք բնակավայրից Մաղավուզ է տարհանել ու ադրբեջանցի բժիշկներին է փոխանցել ադրբեջանցի 16 հիվանդ զինծառայողի։
Տեղեկացվում է նաև, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: