Տարածաշրջանում երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով առաջին նիստը՝ փետրվարի 5-ին - RadioVan.fm

Онлайн

Տարածաշրջանում երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով առաջին նիստը՝ փետրվարի 5-ին

2021-02-01 18:55 , Политика, 1054

Տարածաշրջանում երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով առաջին նիստը՝ փետրվարի 5-ին

2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով Մոսկվայում հունվարի 30-ին կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով:

Ենթախմբերի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը:

Որոշվել է նաև եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Ամսաթիվը համաձայնեցվելու է համանախագահների կողմից` աշխատանքային կարգով:

Հիշեցնենք՝ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ պետք է ստեղծվեր, որն առաջին հանդիպումը պետք է անցկացներ մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Лента

Рекомендуем посмотреть