«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջելով անհապաղ ազատ արձակել պահանջում է քաղաքական և ռազմական գործիչ Վահան Բադասյանին։
«Հայրենիք կորցնելու ցավից վրդովված կարծիք հայտնելու համար քաղաքական և ռազմական գործիչ Վահան Բադասյանին ձերբակալելը վկայում է այն մասին, որ ռեժիմը կորցրել է իրականության զգացումը և երկիրը տանում է կործանարար ցնցումների։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում տեսնել, որ Վահան Բադասյանը պարզապես արտահայտել է իր նկատմամբ լայնորեն տարածված վերաբերմունքը, ապա շուտով առերեսվելու է դրա տասնյակ, այնուհետև՝ հարյուրավոր ու հազարավոր դրսևորումներին։
Ի վերջո՝ այդ վերաբերմունքը վերածվելու է ցասման, ինչը կարող է շատ վտանգավոր զարգացումների հանգեցնել։
Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին, դադարեցնել բռնության միջոցով կառավարման լծակները պահպանելու քաղաքականությունը և հրաժարական տալ՝ հնարավորություն ստեղծելով երկիրը դուրս բերելու իր իսկ մեղքով ստեղծված աղետալի վիճակից»,-ասված է «Սասնա Ծռեր»-ի տարածած հայտարարությունում։
Նշենք՝ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում վարչապետի հասցեին հնչեցրած հայտարարությունների համար Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, մեղադրանք է առաջադրել Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանին։
Բադասյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում, մասնավորապես, հայտարարել էր.
«Իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք արդեն ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի»։
Հստակեցնող հարցին՝ ի՞նչ ճանապարհով, Բադասյանն արձագանքել էր՝ բոլոր, այդ թվում՝ զենքի։
Ի դեպ՝ Բադասյանը նշել էր, որ սպառնալիքի կոչերը գիտակցաբար է անում,
«Թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի։ Ինքը պետք է վերանա և հեռանա»,-ասել էր նա։
ԱԱԾ-ն Բադասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։