Պատերազմից հետո տուն ու տեղ կորցրած Քաշաթաղի շրջանի բնակիչներն այսօր ՀՀ կառավարության շենքի առջև էին՝ իրենց խնդիրներին լուծում տալու պահանջով։
««Մեր տուն ու ունեցվածքը մնացել է թշնամուն», «Մահն աչքի առաջ ունենալով կռվել ենք։ Ինչ ասես տեսել ենք, բայց էսօր թափառական ենք», «Բռնի ձևով տեղահան են արել։ Համայնքների բնակիչների մեծամասնությունը եղել է ռազմաճակատում, իսկ համայնքները հանձնվել են։ Այժմ մեր պահանջն է, որ մեր գույքի փոխհատուցում լինի՝ համարժեք և խելամիտ ձևով»»,-նշել են քաշաթաղցիները՝ հավելելով, որ հիմա իրենք մշտական բնակության վայր չունեն՝ մեկ այստեղ են, մեկ՝ այնտեղ։
Հայկազյան համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ Քաշաթաղից այսօր տեղահաված է մոտ 13000 բնակիչ՝ 3000 ընտանիք։
Ներկաներից 3-ին հրավիրել են կառավարություն։ Նրանք քիչ անց դուրս գալով հայտնել են, որ հանդիպել են վարչապետի օգնականի հետ, որն ասել է, որ հաջորդ չորեքշաբթի գործադիրում քաշաթաղցիներին կընդունի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ համաձայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ Քաշաթաղի շրջանը (Լաչին) 2020-ի դեկտեմբերի 1-ից հանձնվել է Ադրբեջանի վերակսկողությանը։