«Հա՛մ տխրություն, հա՛մ ոգևորություն, հա՛մ հույս կա այս օրվա հետ կապված»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասում է երկար տարիների արշավորդ Էդգար Նավասարդյանը՝ անկեղծանալով, որ Հունվարի 28-ը՝ Բանակի օրը, իր մեջ երկակի զգացողություններ է արթնացնում։
«Կա մեծ ոգևորություն, բայց տխրեցնող փաստ էլ կա՝ ընկերոջս կորուստը, պատերազմական վերջին գործողությունները․․․Պիտի լինի բանակը, մեր վերելքներն էլ բանակին նվիրված պետք է լինեն»,-ընդգծում է նա։
2014-ից սկսած Էդգարի ղեկավարած ԱՍ արշավախումբը Բանակի օրը նշանավորում էր Արայի լեռ վերելքով։ 2018-ին, սակայն, ձնահոսքի պատճառով ավանդական վերելքն ավարտվեց դժբախտ պատահարով․ արշավախմբի անդամներից մեկը մահացավ, մեկը՝ վնասվածքներ ստացավ, իսկ ինքը՝ Էդգարը, հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում։
Վերջին երեք տարիների ընթացքում 8 վիրահատություն տարած, 9-րդին սպասող ու հենակներով քայլող 40-ամյա արշավորդը, սակայն, ասում է՝ այս փուլը նպատասվոր է եղել պայքարի, մարզվելու ու նոր գաղափարների համար։
«Արդեն 3 տարի է՝ հենակներով եմ։ Չեմ ուզում պատճառներ փնտրել՝ ինչու, ոնց։ Ընկճվեցի միայն այն պահին, երբ լեռան վրա իմացա, որ կորուստ ունենք․․․ Իսկ այս տարիներին տարբեր ծրագրեր եմ մտածել․ օրինակ՝ Գոշ գյուղում սպորտային ճամբար հիմնելու գաղափար է ծնվել, որն առաջիկա ամիսներին կյանքի կկոչվի, այնտեղ նաև ռազմակրթական դասեր կանցկացվեն»,-ասում է Էդգարն ու իրեն հատուկ լավատեսությամբ հորդորում չընկճվել երբեք։
Լեռնագնացին հատուկ վստահությամբ՝ շեշտում է՝ հավատում է, որ գալու է այն օրը, երբ դեպի լեռներ կրկին վերելքներ է ունենալու։
«Երկար եմ մտածել՝ կանե՞նք վերելքներ, թե՝ ոչ։ Ամեն տարի մտածում եմ, որ կստացվի վերելք անել, գագաթ բարձրանալ, այս տարի էլ հույս ունեի, բայց, փաստորեն, չստացվեց՝ ծունկս դեռ չի ծալվում։ Միանաշանակ է, որ երբ ի վիճակի լինեմ՝ բարձրանալու եմ։ Պարտավորություն կա»,-ասում է նա ու զրույցից հետո կրկին անկեղծանում՝ խոստում է տվել՝ հանուն իր արշավական ընկերների, հանուն 2020-ի աշնանը Թաղավարդի մարտերում զոհված իր ընկերոջ՝ Վաղարշակ Գրիգորյանի, ում կյանքը 2018-ի ձնահոսքը խնայել էր, վերականգնելո՛ւ է Բանակի օրը Արա լեռ բարձրանալու ավանդույթը։
Էդգար Նավասարդյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան