Արթուր, Էդգար, Էդուարդ, Դավիթ, Էմիլ, Խաչիկ, Վազգեն, Արման, Ռոբ, Կարեն․․․951 մետր բլրի բարձրությունում վեր խոյացած «քաղաքի»՝ Եռաբլուր զինվորական պանթեոնի նոր «թաղամասի» բնակիչներ են՝ 19, 20 տարեկանները դեռ չբոլորած Հայկական բանակի խիզախ մարտիկները․․.նրանց թիվը գերազանցում է 100-ները․․․
Մեր հպարտության ու ցավի խտացումն է այս «քաղաք»-ը՝ խնկաբույր ու ծաղկաթույր։ Այստեղ խլացնող լռություն է, ոչ ոք, կարծես, չի ցանկանում խաթարել տղաների անդորրը։ Մերթընդմերթ լսվում է հեծկլտոցների, տարածքում աշխատող տեխնիկայի ձայներ․․․ անշունչ քարերը, սակայն, ծիածանվող եռագույնների ներքո՝ կենդանություն են առնում դրանցում դաջված հարյուրավոր հայորդիների կյանքով լի, պսպղացող աչքերից։
Յուրաքանչյուրի սահմանն այստեղ գծված է հավասար ու ի՜նչ խնամքով մաքրված, անգամ, ավազի մեկ հատիկը տեղ չունի. հարազատներները հատ առ հատ հավաքում, տարածքից հեռացնում են։
Կյանքի քաղցրությունը դեռ չճաշակած՝ առանց քաղցրի իրենց հյուրընկալվողներին ճանապարհ չեն դնում տղերքը․․․ գերեզմանաթմբերին, գունեղ ծաղիկների հետ մեկտեղ, կոնֆետներ, թխվածքաբլիթներ են խնամքով դրված:
Հավասար են այստեղ բոլորը՝ անկախ կոչումներից ու պարգևներից, հների ու նորերի բաժանում չկա, նրանք անմահության ճամփորդներ են, որոնց միավորել ու մեկ տեղում է համախմբել հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարը։ Գաղափար, որի համար, անգամ, չեն խնայել աստվածային պարգև կյանքը․․․
«Կյանքս կյանքիդ գնով։
Շնորհակալ եմ, պարտավորված եմ ապրել ու արարել, երկիրը շենացնել․․․
Երդվում եմ պահել անմար անունը քո դարերով»․ ծաղկեպսակներին ամրացված գրությամբ խոստանում են քաղաքի հյուրերը․․․
Հայկական բանակն այսօր բոլորում է 29-ը՝ հետևում թողնելով փորձություններով, ծանրագույն կորուստներով լի ճանապարհ։ Առջևում 30-ն է՝ հավատով, որ կհաղթահարենք հետպատերազմական ճգնաժամը, յուրաքանչյուր հայ իր մեջ ուժ կգտնի վեր կանգնելու ճղճիմ շահերից ու արժանվույնս կգնահատի ազգային բանակի ու պետականության գոյության իմաստը՝ արժանի լինելով մեր նահատակներին, նրանց սխրանքներին ու նվիրումին։
Խոնարհում ու խնկարկում քաջ հայորդիների շիրիմներին։
Փա՜ռք հայոց բանակի բոլոր մարտիկներին։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան
«Եռաբլուր»-ի լուսանկարները` 21.12.2020թ․-ի