Հայոց բանակն այսօր 29 տարեկան է:
1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց․ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» կառավարության որոշմամբ ազդարարվեց ազգային բանակի ստեղծումը։
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Վարչապետը ծաղիկներ է դրել արցախյան պատերազմի հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«29 տարի առաջ մեր նորանկախ պետության համար ծանրագույն շրջանում հիմք դրվեց հայկական կանոնավոր զինված ուժերին, ինչը դարձավ մեր պետականության ողնաշարը: Այսօր, երբ մեր պետությունը ապրում է մեր պատմության բարդագույն փուլերից մեկը, բանաձևը կրկին նույնն է՝ ունենալ մարտունակ Հայկական զինված ուժեր և շտկել մեր մեջքը: Վստահաբար ոչինչ չպիտի խնայենք բանակի վերակառուցման, զինված ուժերի մարտունակության բարձրացման եւ սպառազինության արդիականացման համար, ինչը պիտի թույլ տա երաշխավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգությունը:
Միևնույն ժամանակ ուզում եմ վստահեցնել, որ զինված ուժերի մեր ներկայացուցիչների, հաշմանդամություն ստացած զինծառայողների եւ հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, և որևէ ջանք չի խնայվելու դրանք օր առաջ լուծելու համար:
Հարգարժան գեներալներ,
Սպաներ և զինվորներ,
մենք ունենալու ենք մարտունակ բանակ, որովհետև ձեր արիությունն ու նվիրումը հայրենիքին որևէ մեկը որևէ հանգամանքներում չի կարող խլել ձեզնից:
Շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում: