Հունվարի 29-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կգործուղվի Սյունիքի մարզ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:
Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ 2020-ի դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզ աշխատանքային այց էր նախատեսել նաև ՀՀ վարչապետը, որը, սակայն, սահմանազատումների առնչությամբ մտահոգ սյունեցիների բողոքի ակցիաների ֆոնին, որոնք վաղ առավոտից փակ էին պահել Գորիս տանող ճանապարհը, ընդհատվել էր․ Փաշինյանը թեև նախապես հայտարարել էր, որ Սյունիքի մարզ այցի ընթացքում լինելու է նաև Գորիսում, Կապանում և Մեղրիում, այցելելով միայն Սիսիան քաղաք ու Սառնակունք գյուղ՝ վերադարձել էր Երևան։ Աշխատանքային այցն ընդհատած վարչապետը, ով նույն օրը առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմելով Սյունիքի բնակիչներին՝ ասել էր, որ մարզ այցելելու իր որոշումը ամենևին կրքեր բորբոքելու համար չէ, այլ ուղիղ նրանց աչքերի մեջ նայելով հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր․
«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»։
Ի դեպ, նշենք, անդրադառնալով ՀՀ վարչապետի Սյունիք չստացված այցին՝ ռուսական «Կոմերսանտ»-ը գրել էր՝ «Փաշինյանը դարձել է «անկոչ հյուր», հասարակության մեջ նրա հայտնվելը սկանդալի է վերածվում, ինչն էլ ավելի է մեծացնում հասարակության շրջանում լարվածությունը»։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը