Ազգային օրացույցում Հարկ վճարողի օր կունենաք, օրինապահ հարկատուների համար էլ խրախուսման առավել գրավիչ համակարգ կներդրվի - RadioVan.fm

Онлайн

Ազգային օրացույցում Հարկ վճարողի օր կունենաք, օրինապահ հարկատուների համար էլ խրախուսման առավել գրավիչ համակարգ կներդրվի

2021-01-27 16:57 , Общество, 1099

Ազգային օրացույցում Հարկ վճարողի օր կունենաք, օրինապահ հարկատուների համար էլ խրախուսման առավել գրավիչ համակարգ կներդրվի

Նպատակ ունենալով ընդգծել պետական ֆինանսների կառավարման ոլորտում բյուջետային մուտքերի ապահովման գործում հարկ վճարողների դերը և խրախուսել նրանց կողմից հարկային պարտականությունների կամավոր, ժամանակին ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծի համաձայն՝ առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել Հարկ վճարողի օր։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան նշել է, որ 2020 թ.-ին եղել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման 256 դիմում, որից բավարարվել է 140-ը:

ՀՀ կառավարության կողմից որդեգրած հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը միաժամանակ հավանություն է տվել «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

«Իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ. նորմատիվ հիմքեր է ստեղծվում և վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման և խրախուսման համապատասխան մեխանիզմներ: Ըստ այդմ՝ բարենպաստ պայմաններ կստեղծվեն hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորման և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար։ Միաժամանակ՝ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը՝ ինչն էլ կհանգեցնի հարկային և մաքսային կարգապահության, հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը և հարկային եկամուտների ապահովմանը, օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը»,-մանրամասնում են կառավարության լրատվության վարչությունից։

Անդրադառնալով օրինագծերին՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմի ընթացքում մենք հարկ վճարողների վարքագծի որոշակի փոփոխություն նկատեցինք և զգացինք, ինչն արտահայտվում էր կարգապահության առավել բարձր աստիճանով: Դա չափազանց կարևոր երևույթ է, որովհետև, ըստ էության, մենք փորձում ենք արձանագրել հարկեր գեներացնելու և հարկեր վճարելու քաղաքացիների գործունեության և պետության և նրա կառույցների և ինստիտուտների կարողունակության և հզորության հարցը: Այս գիտակցումը, իհարկե, պետք է լրջորեն խրախուսել, որովհետև ցանկացած պետություն և պետության հզորություն կախված է նրանից, թե տվյալ երկրում մարդիկ տնտեսական գործունեություն ծավալելու ինչպիսի հնարավորություններ ունեն, այդ տնտեսական գործունեության ծավալման արդյունքում ինչպիսի արդյունք են գեներացնում, այդ արդյունքի գեներացման գործընթացում ինչպիսի հարկային պարտավորություններ են առաջանում և այդ պարտավորություններն ինչպես են կատարվում: Այնպես որ, հարկային կարգապահությունը բարելավելը, իհարկե, ռազմավարական խնդիր է և այս նախագծով առաջարկվում է պարտաճանաչ հարկատուների նկատմամբ վստահության բարձր աստիճան արձանագրել և սրանից բխող ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել այդ հարկ վճարողների համար»:

Лента

Рекомендуем посмотреть