2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին՝ վիրավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության բերումով առաջ եկած ֆինանսական դժվարությունները մեղմելու համար 500 հազար դրամ սոցիալական աջակցություն կտրվի․ ՀՀ կառավորությունն այսօրվա նիստում հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումը:
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց թիվը, մեր առկա տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը»,-ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ այս պահին արդեն 200-ից ավելի քաղաքացի է անցել բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել հաշմանդամության խումբ։
Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ աջակցության տրամադրման կարգը պետք է մշակվի մինչև 2021 թ. փետրվարի 3-ը: Շահառուները գումարները կկարողանան ստանալ առավելագույնը 10 օրվա ընթացքում՝ էլեկտրոնային տարբերակով:
«Անհրաժեշտ է լինելու միայն իրենց անձնական տվյալները և բանկային հաշվեհամարը նշել, մենք էլեկտրոնային եղանակով հենց այդ պահին նույնականացնելու ենք իրենց առկա բազայի հետ ու հաստատելու շահառու հանդիսանալու փաստը: Անհրաժեշտություն չկա նաև փաստաթղթեր տրամադրելու, քանի որ բուժհաստատություններից ստացված տեղեկության հիման վրա մեզ մոտ կան բոլոր տվյալները»,-մանրամասնել է Մեսրոպ Առաքելյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ այս որոշումը նույնպես իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է: