«Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:
Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»,- այդ մասին այսօր ասել է ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արա Այվազյանը՝ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ նախարար Այվազյանը նաև նշել է, որ հայ-իրանական օրակարգը բավական ընդգրկուն է՝ հիմնված երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա:
«Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
«Այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարների շուրջ, ուրվագծելու առաջիկա քայլերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ամրապնդել և զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը»,-Արա Այվազյանի խոսքերն է փոխանցում գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշենք՝ տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվայից Երևան է ժամանել երեկ ուշ երեկոյան։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։ Հայաստանում նախատեսվում է նաև Զարիֆի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք՝ Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային ուղևորությունը սկսել է հունվարի 25-ին՝ Բաքվից, ուր նա նախագահ Ալիևին շնորհավորել է «վերջին հաղթանակների առիթով», կարևորել երկկողմ համագործակցության ընդլայնումը: Նախատեսվում են նրա այցերը նաև Թբիլիսի և Անկարա։