Բաքու կատարած այցով այսօր մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցը։
Զարիֆն առավոտյան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Իրանական Irna գործակալության հաղորդմամբ՝ նա շնորհավորել է «Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին՝ վերջին հաղթանակների կապակցությամբ և կարևորել երկկողմ համագործակցության ընդլայնումը»:
Ողջունելով Ալիևի՝ «Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափ»-ով առաջարկը՝ արտգործնախարարը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցություն և համագործակցություն ցուցաբերել բոլոր ոլորտներում, որոնք նպաստում են տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու հանգստությանը:
Նշենք՝ տարածաշրջանային այցով Մոհամմադ Ջավադ Զարիֆը կմեկնի նաև Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա, քննարկման առանցքում կլինեն Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները, համատեղ նախագծերը և տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված քայլերը: