Դատարանն անվավեր է ճանաչել Բադասյանի՝ Ամատունի Վիրաբյանին Ազգային արխիվի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը․ նախարարությունը կբողոքարկի վճիռը - RadioVan.fm

Онлайн

Դատարանն անվավեր է ճանաչել Բադասյանի՝ Ամատունի Վիրաբյանին Ազգային արխիվի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը․ նախարարությունը կբողոքարկի վճիռը

2021-01-22 17:25 , Право, 1057

Դատարանն անվավեր է ճանաչել Բադասյանի՝ Ամատունի Վիրաբյանին Ազգային արխիվի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը․ նախարարությունը կբողոքարկի վճիռը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը՝ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար (ԱՆ) Ռուստամ Բադասյանի` 07.09.2020թ. թիվ 354-Ա հրամանը, վերականգնել նախկին աշխատանքին, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2021 թվականի հունվարի 15-ին դռնբաց դատական նիստում դատավոր Լիզա Գրիգորյանի կայացրած վճռով պարտավորեցվել է Ամատունի Սասունիկի Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում, ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4 000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք, հոգուտ հայցվորի էլ բռնագանձել 50 000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։ Այն կամովին չկատարելու դեպքում՝ կկատարվի ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի հրամանով Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում 19 տարի աշխատած Ամատունի Վիրաբյանը ազատվել էր աշխատանքից։ Նրա ազատման առնչությամբ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանն տեղեկացրել էր.

«Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։

Ստացված տեղեկության համաձայն, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։

Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով` ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են և լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։

Այժմ էլ, երբ բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի ներկայացրած հայցը, արդարադատության նախարարությունը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ։

Հավելենք, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկման համար վճռով մեկամսյա ժամկետ է սահմանված:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть