Կառավարությունը նախատեսում է ձևավորել նոր՝ Ներքին գործերի նախարարություն․ նախագիծը ներկայացված է - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունը նախատեսում է ձևավորել նոր՝ Ներքին գործերի նախարարություն․ նախագիծը ներկայացված է

2021-01-22 17:22 , Политика, 1089

Կառավարությունը նախատեսում է ձևավորել նոր՝ Ներքին գործերի նախարարություն․ նախագիծը ներկայացված է

ՀՀ կառավարությունն՝ ի դեմ արդարադատության նախարարության առաջարկում է կազմավորել Ներքին գործերի նախարարություն․2021 թվականի հունվարի 20-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հարապարակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Ըստ այդմ՝ նախատեսվում է ներքին գործերի նախարարության կազմավորում, որը կիրականացնի ոստիկանության կողմից նեկայում իրականացվող մի շարք իրենց բնույթով քաղաքացիական ծառայություններ։

«Գործառույթների նման տարանջատումը կհանգեցնի նաև ոստիկանության կողմից կոնկրետ մասնագիտական խնդիրների կատարման վրա շեշտադրմանը»,-ասված է նախագծի հակիրճ բնութագրում։

Նախագծի համաձայն՝ Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝

  • Ոստիկանություն
  • Քննչական դեպարտամենտ
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
  • Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Նախատեսվում է Նախարարության կազմում ներառել հետևյալ հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները՝

  • Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն,
  • Միջազգային համագործակցության վարչություն,
  • Բժշկական վարչություն,
  • Փորձաքրեագիտական վարչություն,
  • Հանրային ծառայությունների որակի ապահովման վարչություն,
  • Վերահսկողության, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն։

Նախարարության կառուցվածքում նախատեսվում է ստեղծել հետևյալ աջակցող ստորաբաժանումները՝

  • Իրավաբանական վարչություն,
  • Ֆինանսաբյուջետային վարչություն,
  • Տնտեսական վարչություն,
  • Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն,
  • Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն,
  • Գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն,
  • Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն։

«Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է Հանրապետության նախագահը։ Վերջինս պայմանավորված է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը Հանրապետության նախագահի կողմից նշանակելու սահմանադրական լիազորությամբ։ Այդուհանդերձ, նշանակումը կատարվելու է վարչապետի առաջարկությամբ, որին նախորդում է ներքին գործերի նախարարի միջնորդությունը՝ ոստիկանության պետ, ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու վերաբերյալ։ Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։ Նույն կերպ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների ծառայողներին կարգապահական տույժի է ենթարկելու նախարարը, իսկ մյուս խմբերի պաշտոնների ծառայողներին՝ ոստիկանության պետը։ Վերոգրյալին համապատասխան ներքին գործերը նախարարը առաջարկվող նախագծերով լիազորված է նաև շնորհել ոստիկանության ծառայողների գլխավոր և ավագ կոչումները (ոստիկանության փոխգնդապետ և ոստիկանության գնդապետ), միջին կոչումները (ոստիկանության լեյտենանտ, ոստիկանության ավագ լեյտենանտ և ոստիկանության մայոր)՝ Ոստիկանության պետը։ Ոստիկանության բարձրագույն կոչումները (ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության գեներալ-լեյտենանտ և ոստիկանության գեներալ-գնդապետ) Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով շարունակելու է շնորհել Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։ Միևնույն ժամանակ, ներքին գործերի նախարարը կարող է միջնորդություն ներկայացնել, որպեսզի վարչապետը համապատասխան առաջարկություն ներկայացնի Հանրապետության նախագահին։

Անդրադառնալով Նախարարությանը ենթակա քննչական դեպարտամենտին անհրաժեշտ է ընդգծել, որ վերջինիս ծառայողներն ունենալու են ոստիկանության ծառայողի օրենսդրական կարգավիճակ և նրանց պաշտոնները սահմանվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով։ Քննչական դեպարտամենտի պետը սահմանվում է որպես գլխավոր խմբի ոստիկանության ծառայողի պաշտոն, որը համապատասխանում է գլխավոր վարչության պետի իրավական կարգավիճակին, իսկ քննչական դեպարտամենտի պետի տեղակալը համապատասխանաբար՝ գլխավոր վարչության պետի տեղակալի կարգավիճակին։ Դեպարտամենտի պետը նշանակվում է ներքին գործերի նախարարի կողմից։ Այդուհանդերձ, ապահովելով քննչական դեպարտամենտի անկախությունը ոստիկանության պետից, քննչական դեպարտամենտը չի ներառվում ոստիկանության կառուցվածքում, ինչը չէր համապատասխանի նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործառութային տարանջատմանը, այլ ձևավորվում է որպես Նախարարության ենթակա մարմին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտին քննչական ենթակայությամբ առայժմ նախատեսվում է հանձնել ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությունը»,-ասված է Նախագծի հիմնավորման մեջ։

Օրենսդրական փաթեթը բաց է դիտողություն-առաջարկների համար մինչև 2021 թվականի փետրվարի 4-ը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть