ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:
«Այսօր անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով անցկացնում ենք խորհրդակցություն, առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված»,-վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ մի շարք ուղղություններով տարբեր գերատեսչություններում կատարվում են համապատասխան աշխատանքներ:
«Նիկոլ Փաշինյանը կարևորել է խորհրդակցությանն Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում:
Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր կքննարկվեն ընթացիկ հարցերը, որոնք այս պահին կան օրակարգում»,-ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Նկատենք՝ կառավարության հրապարակած լուսանկարներից երևում է, որ հանդիպմանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չի մասնակցել։