ՊՆ կողմից անհայտ կորած համարվող զինծառայողը 20 օրից ավելի տանն է. ՀՔԱՎ - RadioVan.fm

Онлайн

ՊՆ կողմից անհայտ կորած համարվող զինծառայողը 20 օրից ավելի տանն է. ՀՔԱՎ

2021-01-21 18:29 , Общество, 1137

ՊՆ կողմից անհայտ կորած համարվող զինծառայողը 20 օրից ավելի տանն է. ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից (ՀՔԱՎ) հայտնում են, որ 2020 թ․ դեկտեմբերին անհայտ կորած զինծառայողի մայրը դիմել է իրենց՝ հայտնելով, որ Ջաբրայիլում, ապա Հադրութում պատերազմական գործողություններին մասնակցած իր որդին վերջին անգամ Հադրութից կապ է հաստատել հոկտեմբերի 15-ին։

Ծնողը խնդրել է ՀՔԱՎ-ի աջակցությունը՝ որդուց որևէ տեղեկություն ստանալու հարցում։

«Չնայած արդեն 20 օրից ավելի է, ինչ զինծառայողը գտնվել է, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի պատասխան մեր հարցմանը, հայտնում և պնդում է, թե որոնողական աշխատանքները շարունակվում են, և անհայտ կորած զինծառայողին գտնել չի հաջողվել։ Գուցե սա եզակի դեպք է, բայց հարց է առաջանում, Պաշտպանության նախարարությունը համակարգու՞մ է արդյոք անհայտ կորած զինծառայողների տվյալները, հարազատներին անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ փնտրելու և հարազատներին հայտնելու, տեղեկացնելու` պետության պարտավորությունները կատարու՞մ է պատշաճ տեղեկատվական բազայի հիման վրա, թե՞ ոչ։

Զինծառայող Դ․ Ս․-ի մայրը ՀՔԱՎ-ին հայտնել էր, որ նույն հեռախոսահամարից օգտվել էին այլ զինծառայողներ ևս, իսկ հոկտեմբերի 16-ին արդեն հեռախոսահամարն անհասանելի էր դարձել, քանի որ մարտկոցը լիցքավորում չի ունեցել։ Ծնողները տեղեկություն էին ստացել, որ մի խումբ զինծառայողներ, այդ թվում՝ Դ․ Ս․-ը, հոկտեմբերի 16-ից թաքնված են եղել անտառներում, սակայն նրանց գտնելու ուղղությամբ պատասխանատու կառույցները որևէ գործողություն չեն ձեռնարկել։ Իսկ սեփական նախաձեռնությամբ էլ այդ տարածք մտնել չի հաջողվել, քանի որ հակառակորդը թույլ չի տվել։ Վերջին անգամ զինվորները Ղարաբաղ Տելեկոմի օպերատորի միջոցով են ծնողներին փոխանցել, որ իրենց շարքերում կան վիրավորներ, և օգնության կարիք ունեն։ Ծնողները դիմել են ՀՀ ՊՆ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների հանձնաժողովին, սակայն գործողություններ ձեռնարկելու փոխարեն՝ Հանձնաժողովից խորհուրդ են տվել ԱԱԾ դիմել՝ պարզելու, թե որտեղից է եղել զանգը»,-մանրամասնում են ՀՔԱՎ գրասենյակից՝ նշելով, որ այդ տեղեկությունները գրությամբ փոխանցվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով տեղեկություն՝ ինչ գործողություններ են ձեռնարկվել զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ, արդյոք համագործակցում են Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների հետ։

Պաշտպանության նախարարությունից ՀՔԱՎ-ի գրությանը պատասխանել են միայն հունվարի 12-ին և հայտնել, որ զինծառայողի տվյալները ներառվել են անհայտ կորածների ցուցակում, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մինչդեռ զինծառայողի մայրը, մինչ Պաշտպանության նախարարության պատասխանն ստանալը, արդեն հայտնել էր, որ զինծառայողը վաղուց արդեն գտնվել է և տանն է (պաշտպանության նախարարությունը գրությունը թվագրել է հունվարի 12-ով, այն ՀՔԱՎ-ին է հասել հունվարի 19-ին։ Զինծառայողը գտնվել է գրությունը գրելուց 22 օր առաջ, բայց փաստորեն նախարարությունը դրա մասին չի իմացել)։

Лента

Рекомендуем посмотреть