44-օրյա պատերազմի հետևանքով վիրավոր զինծառայողները կապահովվեն անվճար պրոթեզավորմամբ: Այդ մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ նշելով, որ Հիմնադրամի աջակցությամբ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն արդեն համալրվել է քայլքի և պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիայով:
Հրապարակած տեսանյութից տեղեկանում ենք, որ վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական բուժման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է հիմնադրամի գործընկերների և նվիրատուների միջոցով, հունվարի 23-ին տեղի կունենա դրամահավաք-միջոցառում, որը նախաձեռնել է System of A Down մետալ-ռոք խումբը: Հավաքագրված միջոցների մի մասն ուղղվելու է ձեռքերի ֆունկցիոնալ և բարձրորակ պրոթեզների ձեռքբերմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի վաղ հայտնել էր, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կհիմնվի պրոթեզավորման լաբորատորիա՝ քայլվածքի 360 աստիճան 3D վերլուծության հնարավորությամբ, վիրավոր տղաներն էլ կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ։