Այվազյանը Ֆրանսիայի արտգործնախարարի ուշադրությունը հրավիրել է ռազմագերիների, քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդրի վրա - RadioVan.fm

Онлайн

Այվազյանը Ֆրանսիայի արտգործնախարարի ուշադրությունը հրավիրել է ռազմագերիների, քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդրի վրա

2021-01-21 15:51 , Политика, 845

Այվազյանը Ֆրանսիայի արտգործնախարարի ուշադրությունը հրավիրել է ռազմագերիների, քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդրի վրա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի:

«Ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման ընթացքը՝ նախարար Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով»,-հայտնում են ԱԳՆ-ից՝ նշելով, որ նախարարները մտքեր են փոխանակել նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների ուղիղ և անխափան ներգրավվածության անհրաժեշտությունը:

«Նախարարներ Այվազյանի և Լը Դրիանի զրույցի առանցքային թեմաներից էին նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը և այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը: Նախարար Այվազյանն ընդգծեց, որ հարցի հրատապությունն առավել ընդգծվում է հայկական ժառանգության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ջանքերի լույսի ներքո:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման շուրջ»,-ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть