ՀՀ-ում COVID-19-ի դեմ կպայքարեն բրիտանական «AstraZeneca»-ի պատվաստանյութով․ հայտնի է առաջնահերթ պատվաստվողների խումբը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում COVID-19-ի դեմ կպայքարեն բրիտանական «AstraZeneca»-ի պատվաստանյութով․ հայտնի է առաջնահերթ պատվաստվողների խումբը

2021-01-21 15:49 , Общество, 1508

ՀՀ-ում COVID-19-ի դեմ կպայքարեն բրիտանական «AstraZeneca»-ի պատվաստանյութով․ հայտնի է առաջնահերթ պատվաստվողների խումբը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և «COVAX FACILTY» նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները: Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ:

«Հանձնաժողովը քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունների որոշման հարցը՝ հաշվի առնելով տարբեր երկրներում այս ուղղությամբ կիրառվող սկզբունքները, ինչպես նաև այս հիվանդության համաճարակաբանական օրինաչափությունները:

Ամփոփելով հանձնաժողովի անդամների և նիստին հրավիրված փորձագետների կարծիքները՝ հանձնաժողովն առաջարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացնել փուլային՝ սահմանելով ռիսկի խմբերի հետևյալ առաջնահերթությունը.

• 1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները:

• Համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

Հանձնաժողովը քննարկել է նաև «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակներում երկրորդ պատուհանի ընթացքում առաջարկված COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերման հնարավորությունը: Որոշվել է չմերժել «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար՝ հաշվի առնելով հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը (2021 թվականի մարտ) և արժեքի մատչելիությունը:

Նշենք, որ Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը կլինիկական փորձարկումների բոլոր փուլերում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունվետությանը ներկայացվող պահանջները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն»,-ասված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 21-ին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին՝ որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած «Սպուտնիկ V» պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ընթացքում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները, այնուամենայնիվ այդ պահին դեռ գրանցված չի եղել, բնակչության շրջանում վստահության բարձրացման և հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով՝ առաջինը պատվաստվել է Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը՝ արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ:

Лента

Рекомендуем посмотреть