ՀՀ արտգործնախարարն ընդունել է Մինսկի խմբի ներկայացուցիչ դեսպաններին, խոսել հետպատերազմյան առաջնահերթությունների ու խնդիրների մասին - RadioVan.fm

Онлайн

ՀՀ արտգործնախարարն ընդունել է Մինսկի խմբի ներկայացուցիչ դեսպաններին, խոսել հետպատերազմյան առաջնահերթությունների ու խնդիրների մասին

2021-01-20 18:20 , Политика, 862

ՀՀ արտգործնախարարն ընդունել է Մինսկի խմբի ներկայացուցիչ դեսպաններին,  խոսել հետպատերազմյան առաջնահերթությունների ու խնդիրների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր՝ հունվարի 20-ին, ընդունել ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության գոտում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանն առնչվող հարցերն են եղել։

ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

«ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը ընդգծեց կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում շեշտելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը:

Նախարար Այվազյանը, ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության կյանքի կոչման ընթացքը, առանձնահատուկ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք և անխափան հասցեագրման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի մասով:

ԱԳ նախարարը և դեսպանները մտքեր փոխանակեցին Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և արցախահայության կարիքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այս առնչությամբ առանձնահատուկ կարևորվեց միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ և դրա մասնագիտացված գործակալությունների՝ տեղում անխափան ներգրավվածությունը:

Նախարար Այվազյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապության վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության ոչնչացման կամ ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը»,-ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть