Ադրբեջանը լեհ քաղաքական գործչին առաջարկել է 50 հազար ԱՄՆ դոլար՝ իր ռազմական հանցագործությունները չհրապարակելու դիմաց - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը լեհ քաղաքական գործչին առաջարկել է 50 հազար ԱՄՆ դոլար՝ իր ռազմական հանցագործությունները չհրապարակելու դիմաց

2021-01-20 17:58 , Политика, 1464

Ադրբեջանը լեհ քաղաքական գործչին առաջարկել է 50 հազար ԱՄՆ դոլար՝ իր ռազմական հանցագործությունները չհրապարակելու դիմաց

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը հայտարարում է, որ Բաքուն իրեն առաջարկել է 50 հազար ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ այդ երկրի ռազմական հանցագործությունների մասին հրապարակումներ չանելու համար:

Այս մասին Բուչիչը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ միաժամանակ տեղադրելով առաջարկի մասին փաստող հաղորդագրության լուսապատճենը։

«Նախագահ Ալիևը հավանաբար լսել է իմ հրապարակման մասին: ․․․ Իմ պատասխանն է Բաքվին՝ ԱԶԱՏԵՔ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ»,- գրել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք՝ Արցախի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին, ի նշան այդ օրերի ողբերգության և պատերազմի ընթացքում միասնականության, Թոմաշ Լեխ Բուչեկը հայտարարել էր Լեհաստանում Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե ստեղծելու մասին։ Լեհ քաղաքական գործիչն այնուհետ Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարած ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու նպատակով ստորագրահավաք սկսեց։ Օրեր առաջ նա հայտարարեց ստորագրահավաքը պաշտոնապես ավարտելու մասին՝ հայտնելով, որ հավաքել է ավելի քան 126 176 ստորագրություն։

«Սա այն մարդկանց ձայնն է, որոնք ցանկանում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել միջազգային դատարանում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Լեհ գործիչը Արցախի դեմ Բաքվի ռազմական հանցագործությունների վերաբերյալ բոլոր փաստերը մեկտեղել է 40 էջից բաղկացած փաստաթղթում, որը կհրապարակվի 1000-2000 օրինակով և կուղարկվի միջազգային կազմակերպություններին և առանձին քաղաքական գործիչների: Բուչեկն ընդգծել է, որ իր աշխատանքը նվիրում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին՝ պահանջելով ազատ արձակել նրանց:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть