Պետք է համակերպվելու քաղաքականությունը փոխարինենք հաղթահարելու քաղաքականությամբ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այցելած ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ արձանագրել են պետական կառավարման համակարգի ռեսթարթի անհրաժեշտության մասին և քննարկումներով նաև կփորձեն գործնականում իրագործել այդ ռեսթարթը:
Ի՞նչ է դա նշանակում գործնականում՝ հարց է հնչեցրել գործադիրի ղեկավարը՝ պարզաբանելով՝ նշանանկում է, որ պետք է վերանայեն և հասկանան, թե որքանով են կենսունակ և ակտուալ պատերազմից առաջ եղած ծրագերերը և թե՝ հետպատերազմյան շրջանում դրանք ինչպիսի փոփոխություն պետք է կրեն:
«Հայեցակարգային առումով երկրում վարվող, մեր որդեգրած սոցիալական քաղաքականությունը, կարծում եմ, վերանայման անհրաժեշտություն չունի»,-վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է նա:
Փաշինյանի դիտարկմամբ՝ օրինակ, երբ պատերազմից հետո հայտարարություն է հրապարակվում, որ, ենթադրենք, հաշմանդամության կարգի ակնկալիք կամ այդպիսի իրավիճակում գտնվող մարդիկ թող այցելեն այս կամ այն տեղ, առավել արդյունավետ կլինի սոցիալական աշխատողի գնալը և տեղում կարիքներին ծանոթանալը։
«Դա քաղաքացու համար ավելի արժանապատիվ կլինի»,-շեշտել է նա:
Նախարար Մեսրոպ Առաքելյանն իր հերթին ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող միջոցառումները՝ նշել է, որ պատերազմական գործողությունները որոշակիորեն փոխել են սոցիալական ոլորտի առաջնահերթությունները, և դրանցով պայմանավորված՝ նախևառաջ շարունակական իրականացվում են թիրախային խմբերին օժանդակության ծրագրեր:
Նախարարն անդրադարձել է, մասնավորապես, պատերազմի հետևանքների մեղմացման նպատակով արցախահայությանը տրամադրվող աջակցության արդեն հաստատված և նախատեսվող նոր միջոցառումներին։
Հիշեցնենք՝ երեկ՝ հունվարի 19-ին, ՀՀ վարչապետը աշխատակազմին ներկայացնելով աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին՝ հայտարարել է, որ հետպատերազմյան շրջանում շոկի մեջ հայտնված պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, և այդ ռեսթարթը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից: