Թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի․ ադրբեջանական կողմը հայտնել է, որ իրենց մոտ հունվարի 20-ը սգո օր է (Սև հունվար):
Իսկ երեկ կատարված աշխատանքների արդյունքում Արցախի արտաակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փոխանցմամբ՝ Մեխակավանի՝ Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն։
Ընդհանուր առմամբ, մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 19-ը հայտնաբերվել է ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների և քաղաքացիական անձանց 1247 աճյուն:
«Չնայած տեղացած առատ ձյունը համեմատաբար կդժվարացնի զոհվածների աճյունների որոնումները, սակայն աշխատանքները, շարունակվելու են»,-ընդգծել է ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։