Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Աղաջանյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա պաշտոնը ստանձնել է բարդ իրավիճակում:
«Նրա գործունեության ժամանակաշրջանն ընդհանուր առմամբ շատ բարդ է եղել և նա պատվով է կատարել իր աշխատանքը: Եվ ոչ մի գաղտնիք չկա, պարոն Աղաջանյանն իմ քաղաքական մերձավորն է և շարունակում է լինել այդպիսին: Համոզված եմ, որ մեր համատեղ ճանապարհը դեռ կշարունակենք»,-վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նոր պաշտոնում հաջողություն մաղթելով Արսեն Թորոսյանին։
«Ընդհանրապես մենք բոլորս և պետական կառավարման համակարգը՝ որպես երկրի իրավիճակի պատասխանատու, շատ ծանր ժամանակներ ենք ապրել: Պատերազմական շրջանը բոլորիս համար չափազանց բարդ և ծանր մի շրջան էր: Եվ հիմա էլ հետպատերազմյան շրջանն ունի իր բազմաթիվ բարդություններն ու մարտահրավերները, որոնց պետք է արդյունավետ կառավարել: Պետք է չթաքցնել, որ այո՛, պատերազմի հետևանքներով հանրության նման՝ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա նույն իրավիճակն է, ինչ, օրինակ, նոյեմբերին, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, և այդ ռեսթարթը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից: Այդ ռեսթարթն է այն հիմնական խնդիրը, որ դրվում է պարոն Թորոսյանի առաջ: Եվ, բնականաբար, ոչ միայն պարոն Թորոսյանի առաջ, բոլորիս առաջ: Բայց այդ ազդակներն առաջին հերթին պետք է հղվեն վարչապետի աշխատակազմից»,- ընդգծել է վարչապետը, որի խոսքով՝ պետք է այս իրավիճակում պետական կառավարման նոր նշաձող դնեն՝ հանրությանը մատուցվող ծառայության որակը բերելով բոլորովին նոր մակարդակի։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Աղաջանյանին կատարած աշխատանքի համար և վստահեցնել, որ մենք կպահենք այդ բարձր նշաձողը, և պարոն վարչապետ, Ձեր մատնանշած խնդրի լուծմանը զուգընթաց, կփորձենք այն ավելի բարելավել: Ուզում եմ վստահեցնել աշխատակազմին, որ աշխատանքն ինձ հետ բոլորի համար կլինի հարմարավետ: Չեմ կարծում, որ կարիք կլինի վերլուծական ժամանակաշրջանի, անմիջապես կանցնենք պարտականությունների կատարմանն ամբողջ ծավալով: Վստահ եմ, որ Ձեր մատնանշած ուղղությամբ էական քայլեր կկատարենք: Նույնը, ինչպես Դուք նշեցիք, ակնկալում եմ բոլորից»,-իր հերթին նշել է վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանին շնորհակալություն հայտնելով պատասխանատու աշխատանքն իրեն վստահելու համար:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է այն փաստը, որ Արսեն Թորոսյանի ու աշխատակազմի միջև ծանոթացման և անցումային ժամանակաշրջան չի լինելու: «Մենք նման ճոխություն թույլ տալու հնարավորություն չունենք: Որպես նախարար, Դուք շատ սերտ համագործակցել եք աշխատակազմի հետ և այդ աշխատանքը երկուստեք նորություն չի լինելու: Կրկին հաջողություն եմ մաղթում Ձեզ»,- եզրափակել է վարչապետը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ ստորագրած որոշումների համաձայն՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, որում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 10-ին, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատված Արսեն Թորոսյանն էլ նշանակվել է այդ պաշտոնում։