«Ծնողի սիրտն ա, որ ասում ա՝ տղաս ողջ է»․ անհետ կորած զինծառայողի հայրը վստահ է՝ կգտնի իր «ձագին» - RadioVan.fm

Онлайн

«Ծնողի սիրտն ա, որ ասում ա՝ տղաս ողջ է»․ անհետ կորած զինծառայողի հայրը վստահ է՝ կգտնի իր «ձագին»

2021-01-15 21:53 , Общество, 3388

«Ծնողի սիրտն ա, որ ասում ա՝ տղաս ողջ է»․ անհետ կորած զինծառայողի հայրը վստահ է՝ կգտնի իր «ձագին»

Վարդենիսի բնակիչ Արարատ Ղազարյանը մեկն է այն ծնողներից, որը փնտրում է պատերազմի մասնակից իր որդուն՝ 19-ամյա զինծառայող, հակատանկիստ Հայկ Ղազարյանին։

«Երեկ ծննդյանս օրն էր ու մեծ սպասելիքներ ունեի, որ տղաս կզանգի ու կասի՝ «Հերս, ծնունդդ շնորհավոր»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում իր ապրումներով կիսվեց զինծառայողի հայրը՝ Արարատ Ղազարյանը, որը շուրջ 3 ամիս է որոնում է որդուն։

Արցախում ծառայություն իրականացնող և պատերազմական գործողությունների ժամանակ Հադրութում մարտեր մղած որդու անունը 52-ամյա հայրը որևէ ցուցակում չի գտել ու հավատում է, որ իր «ձագը», ինչպես ինքն է բնորոշում, կվերադառնա։

«Ոչ մի ցուցակում չկա, ծնողի սիրտն ասում ա, որ պետք է լավ լինի, հենց էդ սիրտն ա, որ ասում ա, որ տղաս ողջ է»,-ասում է Արարատ Ղազարյանը։

Նշենք՝ Հայկ Ղազարյանը մարտի 11-ին կդառնա 20 տարեկան։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, 44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներից հետո, ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն։

Նոյեմբերի 13-ին մեկնարկել է մարտական գործողությունների տարածքներում անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման և փոխանակման գործընթացը, որն իրականացվում է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ, որը բանակցող կողմ չի հանդիսանում։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 13-ը Արցախում հայտնաբերվել է 1230 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն: Ադրբեջանական կողմի պահանջով՝ վերջին 2 օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։

2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով վերջին տվյալներով Ադրբեջանից վերադարձվել է 53 մարդ, որի մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ «դեռևս ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ»։ Մինչ օրս հայկական կողմի գերիների թիվը հրապարակված չէ․ ՀՀ պաշտպանության նախարարությունը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտարարել է, թե «պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը»:

Հունվարի 11-ին Ռուսաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը հայկական կողմի համար «մոսկովյան հանդիպման առանցքային հարցը»՝ ռազմագերիներինը, լուծում չստացավ։ ՀՀ վարչապետը, հայտարարելով, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում, տեղեկացրեց, որ պայմանավորվել են շարունակել աշխատել այս ուղղությամբ: Փաշինյանը հույս է հայտնել, որ կարճ ժամկետներում կկարողանան հասնել կոնկրետ լուծումների:

Շուրջ 3 ամիս է՝ անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները տարբեր գերատեսչությունների շենքերի առջև բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իրենց երեխաներին գտնելու խնդրանք-պահանջով։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть