Ռուս խաղաղապահ զորախմբի ռազմական բուժաշխատողները Լեռնային Ղարաբաղում սկսել են նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ խաղաղապահների պատվաստումը․ նախօրեին հատուկ ջերմային տարաներում Sputnik V («Սպուտնիկ Վի») պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին է առաքվել հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) տեղեկացմամբ՝ պատվաստումը կիրականացվի երկու փուլով։ Հունվարի 14-31-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվի պատվաստման առաջին փուլը, փետրվարի 1-21-՝ երկրորդ։
Հաղորդվում է, որ առաջինը պատվաստվել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև բժշկական ստորաբաժանումների զինծառայողները
Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսի 11-ին Ռուսաստանը հատարարեց կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհում առաջին պատվաստանյութը գրանցելու մասին։ Այն մշակվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում։ Մարդու ադենովիրուսի վրա հիմնված Sputnik V («Սպուտնիկ Վի») անվանումը ստացած վեկտորային պատվաստանյութի, որը փորձարկվել է մի քանի կենդանական տեսակների, իսկ ավելի ուշ՝ կամավորների երկու խմբի վրա, առաջին խմբաքանակներն արտադրվեցին գրանցումից հետո երկու շաբաթվա ընթացքում:
Չնայած փաստին, որ Ռուսաստանում բժիշկները անվստահություն էին հայտնել պատվաստանյութի առնչությամբ, օրեր առաջ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց հաջորդ շաբաթվանից ռուս ազգաբնակչության շրջանում զանգվածային պատվաստում սկսելու մասին։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը