Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը՝ նշելով, որ տուն-թանգարանի այցելուները կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին և տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը։
«Այդ քայլով նա փրկեց և սերունդներին հանձնեց համաշխարհային մշակույթի գլուխգործոցները, որոնց հետ այսօր հաղորդակցվում են Էրմիտաժի այցելուները: «Էրմիտաժի գանձերի փրկությունը» ծրագրի՝ մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ իրականացված յուրօրինակ լուծումները թանգարանի ցուցադրությունը դարձրել են առավել գրավիչ` հետաքրքիր ձևաչափով ներկայացնելով Հովսեփ Օրբելու կատարած սխրանքը»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ցուցադրությունը ստեղծվել է «Մեդիա նախաձեռնություններ» կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։