ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների (ԴՆԹ) ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը:
«Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ»,-մանրամասնում են առողջապահական գերատեսչությունից՝ հիշեցնելով, որ մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին:
«Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ընթացքում և մինչ օրս այն աշխատում է 24/7 ռեժիմով»,-ընդգծում են նախարարությունից:
Նշենք՝ ԴՆԹ թեստերով մարմինների նույնականացման գործընթացն իրականացնող սարքավորման 2-րդ հոսքագծի՝ Հայաստան առաքման մասին կառավարության նիստերից մեկում հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։