Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է հանցավոր խումբ, որն իրացման նպատակով զենք է ձեռք բերել մարտի դաշտից:
Մասնավորապե, Երևանի բնակիչ Ս.Բ.-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից որպես կամավոր մասնակցելով Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին, մի շարք անձանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող ինքնաձիգներ, որոնք Արցախից փոխադրել և պահել է Երևանում գտնվող իր բնակարանում, որից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր անձանց հետ: ԱԱԾ-ից հայտնում են, որ ապօրինի ռազմամթերքը հայտնաբերվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող թաքստոցներից։
ԱԱԾ-ն հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին, ինչը անձին կազատի քրեական պատասխանատվությունից։