Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի կարգադրությամբ հաստատվել է ՀՀ կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու քննիչ հանձնաժողովի կազմը, որը շուտով սկսելու է իր գործունեությունը։
Նոր քննիչ հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն է:
Քննիչ հանձնաժողովը կկուսումնասիրի Covid-19-ի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։
Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ընդդիմադիր` «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններինն է եղել:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են պատգամավորներ Արկադի Խաչատրյանը (նախագահ), Հերիքնազ Տիգրանյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Կոնջորյանը, Հրաչյա Հակոբյանը, Արտակ Մանուկյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Անի Սամսոնյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը (անդամներ):