«Սևերով ես խաղում, որովհետև շանսերդ քիչ են»․ ՀՀ առաջին ՄԻՊ-ը՝ գերիների վերադարձի ուղղությամբ ՀՀ իշխանությունների պասիվության մասին - RadioVan.fm

Онлайн

«Սևերով ես խաղում, որովհետև շանսերդ քիչ են»․ ՀՀ առաջին ՄԻՊ-ը՝ գերիների վերադարձի ուղղությամբ ՀՀ իշխանությունների պասիվության մասին

2021-01-14 19:05 , Политика, 1057

«Սևերով ես խաղում, որովհետև շանսերդ քիչ են»․ ՀՀ առաջին ՄԻՊ-ը՝ գերիների վերադարձի ուղղությամբ ՀՀ իշխանությունների պասիվության մասին

«Ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի, սեպտեմբերից մինչև նոյեմբեր տևած այս պատերազմն ընթացել է ավելի կազմակերպված։ Որովհետև առաջին պատերազմը սկսվել է ֆիդայական ջոկատներով, իսկ այս անգամ մենք ունեինք կայացած բանակ, և երբ ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն, եզակի մարդիկ են եղել, որ առանց զինկոմիսարիատներին դիմելու են հայտնվել առաջնագծում»,- այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան (ՄԻՊ), իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իշխանության կողմից անհայտ կորածների թիվը գաղտնի պահելը հանցագործության հատկանիշներ պարունակող տարօրինակ երևույթ է համարում։

Իրավապաշտպանի խոսքով՝ առանձնացնելով մի քանի թիվ՝ հնարավոր է պարզել, թե քանի մարդ է անհետ կորել։ Դրանցից առաջինը, ըստ տիկին Ալավերդյանի, ռազմաճակատ գնացածների թիվն է, երկրորդը՝ վերադարձածների ցուցակը և երրորդը՝ հայտնի ռազմագերիների ցուցակը։

ՀՀ առաջին օմբուդսմենն, ընդհանուր առմամբ, չաշխատող բանաձև է համարում հրադադարից հետո 2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացը՝ կասկածի տակ դնելով ներկա իշխանությունների համար հարցի առաջնահերթություն լինելու վերաբերյալ հայտարարությունները։

«Ռադիո Վան»-ի հետ զրույցում անդրադառնալով մոսկովյան վերջին հանդիպմանը հարցին լուծում չգտնելու փաստին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց․

«Եթե ՀՀ ղեկավար Փաշինյանը hույս ունի, որ գերիների, ռազմագերիների հարցը լուծվում է հանդիպումների գնալիս՝ չարաչար սխալվում է։ Դա խոսում է պրոֆեսիոնալ ունակությունների բացակայության մասին»։

Լարիսա Ալավերդյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ հունվարի 11-ին Ռուսաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը հայկական կողմի համար «մոսկովյան հանդիպման առանցքային հարցը»՝ ռազմագերիներինը, լուծում չստացավ։ ՀՀ վարչապետը, հայտարարելով, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում, տեղեկացրեց, որ պայմանավորվել են շարունակել աշխատել այս ուղղությամբ: Փաշինյանը հույս է հայտնել, որ կարճ ժամկետներում կկարողանան հասնել կոնկրետ լուծումների:

Փոխարենը, շուրջ 4 ժամ տևած հանդիպման ավարտին, եռակողմ հայտարարություն ստորագրվեց, որում ամրագրված 4 կետերն էլ առնչվում են 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացմանը։

Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարության 8-րդ կետի պահանջով 2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով վերջին տվյալներով Ադրբեջանից վերադարձվել է 53 մարդ, որի մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ «դեռևս ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ»։ Մինչ օրս հայկական կողմի գերիների թիվը հրապարակված չէ․ ՀՀ պաշտպանության նախարարությունը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտարարել է, թե «պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը»:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть