Պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ․ «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 724 721 բնակիչ-բաժանորդներին - RadioVan.fm

Онлайн

Պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ․ «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 724 721 բնակիչ-բաժանորդներին

2021-01-14 18:15 , Общество, 1555

Պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ․ «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 724 721  բնակիչ-բաժանորդներին

Սպառողական շուկայի անխափան և հուսալի գազմատակարարումն ապահովելու, ինչպես նաև սպառման պահանջարկը կարգավորելու նպատակով օգտագործվող Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում (ԳՍՊԿ) ներկայումս պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ, ինչը համապատասխանում է ԳՍՊԿ-ի առկա տեխնիկական հնարավորություններին:

Այդ մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ տարածած հաղորդագրությունում նշելով․

«Ձմռան ժամանակահատվածում բնական գազի սպառման օրական ծավալները կազմում են 12–13 մլն խ.մ., միչդեռ ԳՍՊԿ-ից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը օրական կազմում է առավելագույնը 6,0 մլն.խ.մ., ինչի պատճառով, երբ «Կարմիր Կամուրջ—Սևքար—Բերդ» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով դադարեցվել է հանրապետություն բնական գազի առաքումը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հարկադրված էր գնալ գազամատակարարման սահմանափակումների:

Ժամանակավորապես ընդհատելով ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը, որոնց օրական սպառումը կազմում է համապատասխանաբար շուրջ 1,3 և 1,0 մլն. խ.մ., «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապահովում է բնակչության և այլ սպառողների գազամատակարարումը ստեղծված իրավիճակում:

Ընդհանուր առմամբ, նախկինում գազամատակարարման ընդհատումները եղել են պլանային և վերականգնողական աշխատանքներն իրականացվել են հիմնականում ամռան ամիսներին, երբ Աբովյանի ԳՍՊԿ-ից բնական գազի առնման քանակները բավարարել են հանրապետության սպառողական շուկայի օրական պահանջարկը՝ միջինը 5–6 մլն.խ.մ. ծավալը»:

Նշենք՝ երեկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել էր, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ հանրապետության տարածքում հունվարի 14-ին՝ ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։ Այս լուրը՝ թերի և ոչ հասցեական, բաժանորդների շրջանում անհանգստությունների տեղիք էր տվել, մինչդեռ, «Գազպրոմ Արմենիա»-ն տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ գազամատակարարման ժամանակավոր արգելքը վերաբերվում է ԱԳԼՃԿ-ներին և Երևանի ՋԷԿ-ին։

Նշվեց, որ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ս.թ. հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև ս.թ. հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով:

«Հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը (առավելագույնը 6,0 մլն.խմ/օր), վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար, ղեկավարվելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. N 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 5.5.-րդ կետի «ա» ենթակետով, 5.5.1. կետով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. հունվարի 13-ի ժամը 23:00-ից 24-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը»,-մանրամասնել էին «Գազպրոմ Արմենիա»-ից՝ մնացած բոլոր բաժանորդներին խնդրելով նշված ժամանակահատվածում հնարավորինս խնայողաբար օգտագործել բնական գազը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 724 721, որից 387 885-ը բազմաբնակարան շենքերում, 336 836-ը՝ առանձնատներում:

Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 11 115-ով:

Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 636 համայնք, որից 589-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть