Մոսկվայի բանակցություններից հետո միայն Իլհամ Ալիևը դե ֆակտո հաղթանակած զգաց․ «Կոմերսանտ» - RadioVan.fm

Онлайн

Մոսկվայի բանակցություններից հետո միայն Իլհամ Ալիևը դե ֆակտո հաղթանակած զգաց․ «Կոմերսանտ»

2021-01-13 16:35 , Политика, 931

Մոսկվայի բանակցություններից հետո միայն Իլհամ Ալիևը դե ֆակտո հաղթանակած զգաց․ «Կոմերսանտ»

«Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքները Բաքվում և Երևանում տրամագծորեն հակառակ գնահատական ստացան»,-այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը՝ նշելով, թե Ադրբեջանում հանդիպումը համարվել է արդյունավետ, քանի որ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ, իսկ Հայա ստանում ընդդիմությունը մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին թուլակամության ու դիրքերի հերթական հանձնման մեջ։

«Հայ հասարակության մեջ գերիների վերադարձը համարվում է գերխնդիր, բայց փոխարենը բանակցություններում քննարկվում էր տնտեսական օրակարգը, որի առնչությամբ պնդում էր Ադրբեջանը»,-նկատում է պարբերականը՝ տեղեկացնելով, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կզբաղվի «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ»:

«Խոսքը երկու հիմնական ուղղությունների մասին է։ Նախ, սա միջանցքն է Ադրբեջանի հիմնական մասից դեպի անկլավ Նախիջևան, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով, և երկրորդ՝ Երևանից դեպի նույն Սյունիքի մարզ տանող երկաթգիծը, որն անցնում է Նախիջևանի միջով»,-մանրամասնում է «Կոմերսանտ»-ը՝ հիշեցնելով, որ Խորհրդային Միության ժամանակներում ակտիվորեն օգտագործվող այդ երկու երթուղիները դադարեցին գոյություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորմամբ։

Անդրադարձ է կատարվում նաև նրան, որ այդ տրանսպորտային ուղիների փակման պատճառով ժամանակին տուժել է նաև Ռուսաստանը:

«Երբ վրաց-աբխազական հակամարտության արդյունքում Ռուսաստանից գնացքների տեղափոխումը Վրաստան անհնար դարձավ, Հայաստանը կորցրեց ամենահուսալի ուղին դեպի իր գլխավոր դաշնակից, իսկ Ռուսաստանը՝ կապը Թուրքիայի երկաթուղիների հետ:

Արդյունքում, Հայաստանի երկաթուղիները փաստացի կրճատվեցին՝ մի փոքր հատվածով կապելով Երևանն ու Թբիլիսին, իսկ Ռուսաստանից ապրանքները կարող են տեղափոխվել միայն վրացական մայրուղով, որը, պարբերաբար, փակ է եղանակային պայմանների պատճառով»,-գրում է ռուսական պարբերականը՝ ընդգծելով, որ Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը կարող է լուրջ օգնություն դառնալ Հայաստանի համար, ինչը մինչ այժմ հնարավոր չէր, քանի որ երկրները կապվում են միայն մեկ լեռնային ճանապարհով:

«Կոմերսանտ»-ն արձանագրում է․

«Այսպիսով, Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է շահեկան լինի բոլոր երեք կողմերի համար. Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ Թուրքիա և Հայաստան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստան և Իրան»։

Այդուամենայնիվ, պարբերականը նկատում է՝ բանակցություններից հետո միայն Իլհամ Ալիևը դե ֆակտո իրեն հաղթանակած զգաց, իսկ, ահա, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շեշտը դրեց ոչ թե ձեռքբերումների, այլ չլուծված հարցերի՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու Բաքվի դժկամության, և ռազմագերիների ճակատագրի։

Նշենք՝ հունվարի 11-ին, Ռուսաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը հայկական կողմի համար «մոսկովյան հանդիպման առանցքային հարցը»՝ ռազմագերիներինը, լուծում չի ստացել։ ՀՀ վարչապետը, հայտարարելով, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում, տեղեկացրել է, որ պայմանավորվել են շարունակել աշխատել այս ուղղությամբ: Փաշինյանը հույս է հայտնել, որ կարճ ժամկետներում կկարողանան հասնել կոնկրետ լուծումների:

Փոխարենը, շուրջ 4 ժամ տևած հանդիպման ավարտին, եռակողմ հայտարարություն ստորագրվեց, որում ամրագրված և որևէ կետ հայկական կողմի առաջնահերթություններին չի վերաբերվում․ 4 կետերն էլ առնչվում են 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացմանը, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելուն, խմբի՝ մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը հանդիպելուն, մինչև 2021 թ. մարտի 1-ը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը հաստատման ներկայացնելուն:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть