Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը մեր երկրում նվազեցնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և պետական սահմանի անցման բոլոր կետերում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվում է ևս 6 ամսով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը ժամը 17:00-ն։
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ հիմք է ընդունվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ համավարակի հիվանդացության աճի երրրորդ ալիքի վտանգի մասին նախազգուշացումը (հաշվի առնելով մի շարք այլ երկրների փորձը՝ Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն):
Միաժամանակ, որ հաշվի առնելով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների որոշակի մեղմացումներ, մասնավորապես.
-Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում՝ սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում):
-Ուժը կորցրած են ճանաչվել հանրային միջոցառումների իրականացմանը ներկայացվող սահմանափակումները, այդ թվում՝ հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները։
Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր՝ 2021 թվականի հունվարի 11-ը, ժամը 11:00-ը, Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162 288 դեպք է հաստատվել, որոնցից 149 873-ն` առողջացած, 2931-ը` մահվան ելքով։ Կորոնավիրուսով հիվանդ 702 մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8782 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 609 930 թեստավորում: