Արցախի Հանրապետության (ԱՀ) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։
Նշվում է, որ վերանորոգված և կահավորված բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։
«Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։
Դիմումները հնարավոր է ներկայացնել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն ազգանուն):
Որպես դիմումի վերնագիր գրել՝ Բնակելի տան դիմում՝ նշելով հետևյալ տեղեկությունները՝
- ընտանիքի անդամների քանակը, կազմը.
- ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ).
- նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը.
- այլ տեղեկություն:
Դիմումները կարող եք ուղարկել փոստով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ [email protected], կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին»,- ասված է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։