Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմը սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:
Ծառայությունից հայտնում են, որ 2021 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն, իսկ նոյեմբերի 13-ից, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1211 աճյուն։ Նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին որոնողական խմբերը Սյունիքի մարզով մտել են Կովսական (Զանգելան) և դուրս բերել 14 զինծառայողի աճյուն:
Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Մարտունու, Հադրութի, Մեխակավանի (Ջաբրայիլ), Որոտանի (Կուբաթլու) հատվածներում: