«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի պնդմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենը և Զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետը խուսափել են շարժման ներկայացուցիչների հետ հանդիպումից:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններից ելնելով երեկ հայտարարություն էր տարածել՝ ՀՀ արտգործնախարարից, ԱԱԾ տնօրենից և ԶՈւ ԳՇ պետից պահանջելով հանդիպում ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում: Արտգործնախարարի հետ հանդիպումը երեկ կայացավ, որից հետո լրագրողերի հետ զրույցում Վազգեն Մանուկյանը հայտնել էր, որ հանդիպման ընթացքում նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ: Մանուկյանն այլ մանրամասներ չէր հայտնել՝ նշելով, որ նախատեսված է հանդիպում նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, որից հետո արդյունքները կամփոփեն և հանդես կգան հայտարարությամբ:
Այսօր, ահա, Վազգեն Մանուկյանը տարածած հայտարարությունում նշում է.
«Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում:
Այդ հանդիպման արդյունքները կարող է վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մենք նախաձեռնել էինք հանդիպում Արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։
Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգություններն ու կասկածները։
Ողջունում ենք ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ մեզ հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու փաստը։
Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։
Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ:
Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ։
Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է, և մենք ամբողջ թափով շարունակելու ենք պայքարն այդ ուղղությամբ»: