Հայ ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարությամբ - RadioVan.fm

Онлайн

Հայ ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարությամբ

2021-01-09 22:27 , Политика, 1283

Հայ ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի լայնածավալ և համակարգված խախտումներ, որոնց զգալի մասը պատերազմական հանցագործություններ են: Այդ պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և դրանց իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման պահանջը հստակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և եռակողմ հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում:

Հարկ է նշել, որ հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, երբ հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով:

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար»,-ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Նշենք՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին 2020 թվականի դեկտեմբերի 26-ով թվագրված նամակում, որի մասին հայտնի է դարձել միայն երեկ, մեղադրել է պաշտոնական Երևանին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների «ոտնահարման և տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերի համար»։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն անդրադառնալով հրադադարից հետո գերեվարված 62 հայ զինծառայողներին, նրանց ներկայացնում է «Ադրբեջանի Լաչին շրջանում նոյեմբերի վերջին դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով տեղեկայված» Շիրակի մարզի բնակիչներ:

Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ Ջեյհուն Բայրամովը կոչ է անում «օգտագործել տրամադրության տակ եղած բոլոր միջոցները` համոզելու համար Հայաստանին զերծ մնալ ապակայունացնող գործունեությունից և դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։

Հիշեցնենք՝ համաձայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ Լաչինի (Քաշաթաղի) շրջանը Ադրբեջանի վերակսկողությանն է հանձնվել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից:

Лента

Рекомендуем посмотреть