Զիջումներն ու կորուստները շարունակվում են. Վազգեն Մանուկյանն ԱԱԾ տնօրենից, ԶՈւ ԳՇ պետից, արտգործնախարարից պահանջում է հանդիպում ու պարզաբանում - RadioVan.fm

Онлайн

Զիջումներն ու կորուստները շարունակվում են. Վազգեն Մանուկյանն ԱԱԾ տնօրենից, ԶՈւ ԳՇ պետից, արտգործնախարարից պահանջում է հանդիպում ու պարզաբանում

2021-01-09 17:37 , Политика, 1150

Զիջումներն ու կորուստները շարունակվում են. Վազգեն Մանուկյանն ԱԱԾ տնօրենից, ԶՈւ ԳՇ պետից, արտգործնախարարից պահանջում է հանդիպում ու պարզաբանում

ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններից ելնելով ՀՀ արտգործնախարարից, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենից և Զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետից պահանջում է հանդիպում ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում:

Վազգեն Մանուկյանի հայտարարությունում, մասնավորապես ասված է.

«Արտաքին գործերի նախարար

Արա Այվազյանին,

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ

Արմեն Աբազյանին,

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ

Օնիկ Գասպարյանին

Հարգելի՛ պարոնայք,

Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել: Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։

Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։

Դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ:

Ակնկալում ենք Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Կանխավ շնորհակալ եմ։

Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժում

08.01.2021թ.»:

Միաժամանակ հաղորդվում է, որ հունվարի 8-ին տեղի է ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի հերթական նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Շարժման տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ քննարկման առանցքում եղել է հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման և հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը, քննարկվել և վերլուծվել է Շարժման մինչ օրս իրականացրած գործունեությունը։ Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու գործողությունների պլանը։

Лента

Рекомендуем посмотреть