Մի խումբ քաղաքացիներ իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ այսօր ՀՀ արդարադատության նախարարության դիմաց բողոքի ակցի են իրականացրել՝ պահանջելով հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվելիք փաստաթուղթը։
Նշենք՝ երեկ «MediaPort» տելեգրամյան ալիքը գրել էր, թե Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու, և այդ փաստաթուղթը գաղտնի ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։ Նախարարությունն այսօր հրապարակած հայտարարությամբ հերքեց այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ «որևէ պայմանագիր չեն ստացել որևէ ընթացակարգի շրջանակում»։ ՀՀ վարչապետից թշնամու՝ հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունենալու մասին հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այն լուրերը, որ երեկվանից սկսած տարածվում են, և այսօր առանձին անուղղակի ապացույցներով հաստատվում են, ցույց են տալիս, որ իրավունք չունենք լռելու և պարտավոր ենք պարզաբանումներ պահանջել արդարադատութան նախարարությունից»,-գերատեսչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ մեկ նախադասությամբ հերքումն ամենևին բավարար չի նրա համար, որ ասենք, թե այդ լուրն իրականությանը չի համապատասխանում:
«Իրավունք ունենք հասկանալու, թե ինչ է մեզ սպասվում, այլ ոչ, օրինակ, Շուռնուխ գյուղի բնակիչների պես մի օր քնենք, արթնանաք, պարզենք, որ գյուղն այլևս մեզ չի պատկանում»,-նշել է Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ իրավապաշտպանը այսօր վաղ առավոտյան հայտարարել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության դիմաց 12։00-ին շտապ հավաք է հրավիրում՝ պահանջելով հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսասատանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվելիք փաստաթուղթը։