Ռուսաստանի ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ 2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր անցկացված ականազերծման գործողողությունների ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են գրեթե 435 հեկտար (հա) տարածք, մոտ 165 կմ ճանապարհ, 618 բնակելի շենք, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծվել է 20 650 պայթյունավտանգ առարկա:
Տեղեկացվում է, որ Արցախի տարածքն ականազերծելու և պայթյունավտանգ առարկաներից մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքում և վատ եղանակի պայմաններում:
«Հայտնաբերված պայթուցիկները, կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ վայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ կիրառելով անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ»,-մանրամասնում են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից՝ հիշեցնելով, որ ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությամբ 2020թ․ նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության գոտում հայտարարվել է ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների ավարտ, ռուս խաղաղապահների օգնությամբ պատերազմից տուժած տարածքներում շարունակվում են կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: