Լեռնային Ղարաբաղ հայ պաշտոնյաների այցերը խոչընդոտում են հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին այսօր AzTV հեռուստաընկերության եթերում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ինձ տեղեկացրին, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը Ստեփանակերտում է։ Թող չմոռանան պատերազմի մասին: Այս այցերը պետք է ավարտվեն: Մենք ձեզ զգուշացնում ենք, որ եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը՝ նշելով, որ Ռուսաստանի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Ռուսաստանը կողմերին առաջարկեց իր միջնորդական հնարավորությունները: Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկում էր այդ թեմաները: Եթե հարաբերությունները կարգավորվեն, ապա ի՞նչ կարիք կա նման սադրիչ այցերի: Ի՞նչ են ուզում ցույց տալ: Ուստի բոլոր այցերին պետք է վերջ տրվի»,-շեշտել է Ալիևը, ըստ որի՝ ոչ մի օտարերկրյա քաղաքացի, միջազգային որևէ կազմակերպության ներկայացուցիչ, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, չի կարող մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ առանց Ադրբեջանի թույլտվության:
«Սա մեր տարածքն է: Ամբողջ աշխարհը ճանաչում է դա որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը՝ նախազգուշացնելով, որ եթե նման այցերը կրկնվեն՝ «պատասխանը շատ կոշտ կլինի»:
Նշենք՝ 2021 թվականի հունվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ, որտեղ հանդիպել է Արցախի նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ, ստորագրել խորհրդակցությունների ծրագիր։
Այցի շրջանակում Արա Այվազյանը հանդիպել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկվել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում, գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցեր։
ՀՀ արտգործնախարարը հանդիպել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ, նախօրեին էլ այցելել է Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճար, մասնակցել Սուրբ Ծննդյանը նվիրված պատարագին, որը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։