2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տեղի են ունեցել ռազմական գործողություններ:
ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ երեկ՝ հունվարի 6-ին, աճյուն չի հայտնաբերվել։
Նշենք՝ որոնողական աշխատանքների արդյունքում, 2021-ի հունվարի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1184 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի և Թալիշ-Մատաղիս ուղղություններով։ Ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տարածքներին ծանոթ ուղեկցողները կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորները: