Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ հունվարի 7-ի առավոտյան, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցելու այնտեղ ննջող հերոս քաջորդիներին և աղոթելու նրանց հոգիների հանգստության համար։
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։
Հունվարի 7-ը Հայ Առաքելական եկեղեցում հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Այն ոչ աշխատանքային օր է։ Նախօրեին՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնը:
Բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել` ի նշան Սուրբ Հայտնության, կատարվել է նաև Ջրօրհնեքի կարգ: Սուրբ Ծննդյան տոնի արարողություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ անվանակոչությամբ: