Ճարտար, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ. Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի թատերախումբը վերջին օրերին հյուրախաղերով Արցախում է՝ հետպատերազմյան շրջանում արցախցի մանուկներին հեքիաթ, նրանց աչքերին՝ փայլ պարգևելու առաքելությամբ:
«Հաճախ ենք եկել Արցախ, բայց այսօր շատ-շատ ավելի անհրաժեշտ է լույս և հույս տալ երեխաներին, ամանորյա հեքիաթ պարգևել: Մենք՝ դերասաններս, մեր գործի զինվորն ենք»,-ասում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Ալլա Սահակյանը:
Թատերախումբը արցախցի փոքրիկների դատին է ներկայացնում «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ներկայացումը, որի ավարտին բեմ է հրավիրվում Ձմեռ պապիկը՝ առանձնահատուկ խնդություն փոխանցելով երեխաներին:
«Մայրիկս ասել է, որ այս տարի շատ է ձյուն եկել և Ձմեռ պապիկը չի գալու մեր տուն, դրա համար մենք տոնածառ չենք դնում, բայց ես Ձմեռ պապիկին տեսել եմ դահլիճում: Գիտե՞ք՝ նա համբուրել է իմ ճակատը»,-խանդավառված պատմում է փոքրիկ Արամը:
Մանրամասները՝ աուդիոնյութում:
Դեկտեմբերի 22-ին հայտնել էինք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանները ամանորյա բարեգործական ծրագրով մեկնում են Արցախում: Նրանք արդեն հասցրել են լինել Ճարտարում, Մարտակերտում, Ասկերանում, իսկ վերջին երկու օրերին՝ Ստեփանակերտում: Արցախի մայրաքաղաքի դպրոցներում ներկայացումը կբեմադրվի նաև այսօր: Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը, խոստման համաձայն, թատրոնի ֆեյսբուքյան էջում բեմադրությունների մասին կարճ տեսանյութերով մանրամասներ է ներկայացնում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը