«Սպուտնիկ V»-ով պատվաստվել է ԱՆ ղեկավար անձնակազմը՝ նախարար Թորոսյանի գլխավորությամբ - RadioVan.fm

Онлайн

«Սպուտնիկ V»-ով պատվաստվել է ԱՆ ղեկավար անձնակազմը՝ նախարար Թորոսյանի գլխավորությամբ

2020-12-30 15:54 , Политика, 1558

«Սպուտնիկ V»-ով պատվաստվել է ԱՆ ղեկավար անձնակազմը՝ նախարար Թորոսյանի գլխավորությամբ

ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ) հայտնում են, որ նոյեմբերի 21-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դաշնային ծառայության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն ժամանակ, ՌԴ-ի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին՝ որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ:

Նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած «Սպուտնիկ V» պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ընթացքում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները, այնուամենայնիվ այդ պահին դեռ գրանցված չէր, ուստի բնակչության շրջանում վստահության բարձրացման և հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով՝ առաջինը պատվաստվել է Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը՝ նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ:

«Հարկ է նշել, որ պատվաստվողների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել և բոլորի ինքնազգացողությունը լավ է:

Մեկ անգամ ևս կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում պատվաստանյութի դերն ու նշանակությունը՝ Առողջապահության նախարարությունն իր խորը երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում փոխշահավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ գործընթացը կլինի շարունակական՝ ի նպաստ երկու երկրում հանրային առողջության ապահովմանը»,-ասված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսի 11-ին Ռուսաստանը հատարարեց կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհում առաջին պատվաստանյութը գրանցելու մասին։ Այն մշակվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում։ Հաղորդվել է, որ մարդու ադենովիրուսի վրա հիմնված վեկտորային պատվաստանյութը փորձարկվել է մի քանի կենդանական տեսակների, իսկ ավելի ուշ՝ կամավորների երկու խմբի վրա: Sputnik V («Սպուտնիկ Վի») անվանումը ստացած պատվաստանյութի առաջին խմբաքանակներն արտադրվեցին գրանցումից հետո երկու շաբաթվա ընթացքում:

Ռուսաստանում բժիշկները անվստահություն էին հայտնել պատվաստանյութի առնչությամբ։

ՀՀ առողջապահության նախարարը նոյեմբերի 26-ին հայտնեց, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրել է 300 հազար բնակչի հաշվարկով։

Лента

Рекомендуем посмотреть