Տունը՝ թշնամուն, որդին՝ զինհոսպիտալում, ընտանիքը՝ կարիքի մեջ․ հադրութցի Մարիետան 2021-ը դիմավորում է հոգու դատակությամբ - RadioVan.fm

Онлайн

Տունը՝ թշնամուն, որդին՝ զինհոսպիտալում, ընտանիքը՝ կարիքի մեջ․ հադրութցի Մարիետան 2021-ը դիմավորում է հոգու դատակությամբ

2020-12-29 15:48 , Общество, 1170

Տունը՝ թշնամուն, որդին՝ զինհոսպիտալում, ընտանիքը՝ կարիքի մեջ․ հադրութցի Մարիետան 2021-ը դիմավորում է հոգու դատակությամբ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին Հադրութից Երևան տեղափոխված Մարիետա Սահակյանի ընտանիքն այսօր իր խնդիրների հետ միայնակ է մնացել։

«Մեր դժվարությունները մեզ հետ են։ Ոչ ոք չի օգնում»,-ասում է 66-ամյա Մարիետան, որի ընտանիքը՝ վերադարձի ակնկալիքով, պատերազմի օրերին Հադրութում թողնելով հարազատ օջախը, վերցնելով միայն փաստաթղթեր՝ դժվարությունների միջով հասել է Երևան ու այսօր, էլի դժվարություններով, բնակվում է վարձով։

«Շատ չարչարվեցինք, շատ դժվարություններ տեսանք, 4 տեղ եմ փոխել, շատ մարդկանց ճանաչեցինք՝ և լավ և վատ կողմից»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում պատմում է ընտանիքի մայրը, որի 2 որդիներն էլ մասնակցել են մարտերին։ Նրանցից մեկը՝ 32-ամյա Արմանը, վիրավորվել է և այս պահին զինվորական հոսպիտալում է, վիրահատության կարիք ունի։

Տիկին Մարիետան 2021-ից որևէ սպասելիք չունի, սակայն հավատում է, որ երբևէ կվերադառնա Հադրութ՝ իր հայրենի օջախը։

«Թեկուզ խփած մեր տանը, թեկուզ չունենալով մեր տունը՝ մեր պադվալներում կմնանք։ Էս էլ ա մերը, բայց մերն ուրիշ ա»,-ասում է նա։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց Ադրբեջանը՝ Թուրքիայի սատարմամբ և վարձկան–ահաբեկիչների ներգրավմամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, օգտագործելով հրետանային միջոցներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) կրկին հարձակման անցավ արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ 44 օր տևած թեժ մարտերը՝ բազում կորուստներով, ավարտվեցին նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն։ Համաձայն հայտարարության՝ Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, Շուշի քաղաքը, ԼՂԻՄ կազմում ընդգրկված մի շարք բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը։ Հայտարարության կետերից մեկով էլ՝ Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության գոտում է նաև Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որն ապահովում է կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Այս օրերին էլ անհանգստությունների ալիք է՝ Սյունիքի մարզում իրականացվող սահմանազատման աշխատանքների առնչությամբ:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть