ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ստորագրությամբ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել այն պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդհանուր իրավազորություն (general jurisdiction):
Այդ մասին հայտնում են օբբուդսմենի աշխատակազմից՝ նշելով, որ այդ հաղորդումները վերաբերվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելուն, այդ թվում` գլխատումներին, անմարդկային վերաբերմունքին, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին, մարմնի մասեր կտրելուն և այլն:
«Հաղորդումների հետ միասին այդ երկրների իրավապահ մարմիններին է ներկայացվել օբյեկտիվ բնույթի 223 ապացույց՝ տեսանյութեր ու լուսանկարներ, այդ ապացույցների մանրամասն վերլուծություններ:
103 տեսանյութ ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվել, և թարգմանություներն ենթագրերով տեղադրվել են տեսանյութերում, տեսանյութերում արվել են հնարավոր բոլոր իդենտիֆիկացումները:
Տեսանյութերն ամրագրվել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լոգոյով՝ ի նշան տեղեկությունների հավաստիության:
Իրավական ամրագրում է ստացել և վերլուծվել 120 լուսանկար, այդ թվում՝ նրանք, որոնք վերաբերում են ադրբեջանցի զինվորականների կողմից մեր ռազմագերիների սոցիալական ցանցերն ապօրինի մուտք գործելուն ու դրանք ապօրինի կառավարելուն:
Հաղորդումների մեջ ներառվել են հետևյալ հիմնական հարցերը.
1) ռազմագերիների, քաղաքացիական անձանց ու վիրավորների կանխամտածված սպանություն,
2) ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք,
3) զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք,
4) ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում.
5) քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում.
6) հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարում ադրբեջանցի զինվորականների կողմից:
Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա: Որքան հասկանում ենք, Օմբուդսմանի կողմից նման հաղորդում ներկայացնելն առաջին փորձն է երբևէ:
Այս հսկայածավալ աշխատանքը կատարվել է Պաշտպանի աշխատակազմի ու փորձագետների ջանքերով:
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներ Գուրգեն Պետրոսյանին (Gurgen Petrossian) և Մարիամ Մելքոնյանին (Mariam Melkonyan) աջակցության համար»,-ասված է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: