Պատերազմի հետևանքով տուժած արցախցիներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը 15 սոցիալական միջոցառում է հաստատել։
Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Դրանցից մեկով՝ Արցախում հաշվառված քաղաքացիներին հատկացվել է 68 հազար դրամ, գումարած 15 հազար դրամ հավելավճար նրանց համար, որոնք չունեն սեփականություն: Այս պահի դրությամբ միջոցառումից օգտվել է 90 հազար քաղաքացի, հատկացվել է ընդհանուր 6.5 մլրդ դրամ:
300 հազար դրամ էլ տրամադրվել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում գրանցված քաղաքացիներին, շահառուները 30 հազար են, որոնցից դեռ 5000-ն է ստացել աջակցություն։
Այսօրվանից գործարկվում է հյուրընկալության 2 ծրագիր՝ ՀՀ-ում արցախցիներին հյուրընկալող ընտանիքը յուրաքանչյուր անձի համար 30 հազար դրամ, Արցախում՝ 40 հազար դրամ՝ աջակցություն կստանա։
Արցախում տեղի ունեցած ավերածությունների հետևանքով սեփականություն կորցրած քաղաքացիները կստանան 250 հազար դրամ:
Արցախի կենսաթոշակառուների և նպաստառուների դեկտեմբերի վճարումների համաֆինանսավորում է իրականացվել 940 մլն դրամի չափով, իրականացվել է նաև Արցախի քաղաքացիների՝ սեպտեմբեր-նոյեմբերի կոմունալ վճարումների համաֆինանսավորում:
2021 թվականի հունվարից կմեկնարկի արցախցիներին ժամանակավոր աշխատանքով ապահովելու 2 ծրագիր․ գործատուի մոտ պրակտիկա անցնելու և փորձ ձեռք բերելու դեպքում նրանց կվճարվի 100 հազար դրամ, 34 հազար դրամի չափով աջակցություն կստանա գործատուն:
Հասարակական աշխատանքներին ներգրավվելու դեպքում՝ 2021 թվականի հունվարից արցախցիները օրական 8 հազար դրամ աշխատավարձ կստանան։
Ծրագրերից մեկով էլ՝ եթե պատերազմի հետևանքով վիրավորված կամ անհետ կորած զինծառայողը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի շահառու է, բայց անհայտ կորելու հանգամանքը դեռ չի հաստատվել դատական կարգով, չի տրամադրվել նաև վիրավորված զինծառայողի հաշմանդամության կարգը, փոխհատուցում կստանա 300 հազար դրամի չափով՝ 6 ամիս ժամկետով։
50 մլն դրամի շրջանակում էլ կփոխհատուցվեն պատերազմի հետևանքով ավերածությունների ենթարկված Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքի վնասները։ Նշված մարզերում հրետակոծության հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 5 մլն դրամ, հաշմանդամություն ստացած քաղաքացիներին՝ 1-3 մլն դրամ: