Այսօր Արմավիրի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացած համայնքի ավագանու տարեվերջյան նիստի ընթացքում որոշում է կայացվել Արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդի համար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու շնորհել «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում:
Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
Հիշեցնենք՝ արցախա-ադրբեջանական սահմանագոտում ընթացող մարտերի օրերին՝ հոկտեմբերի 16-ին, հայտնի էր դարձել, որ Արցախում հոկտեմբերի 15-ին գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, իսկ որդին՝ զոհվել․ թշնամու անօդաչուն հարվածել էր Ռուստամ Գասպարյանի մեքենային։ Նրան նույն գիշերը Ստեփանակերտում վիրահատել էին, ապա տեղափոխել Գորիս, իսկ ավելի ուշ՝ Երևան։ Նախկին պատգամավորի վիճակը գնահատվել էր կայուն ծանր։ Մեկ օրվա պայքարից հետո, ցավոք, բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը։
1961թ. ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում ծնված Ռուստամ Գասպարյանը երկու գումարման խորհրդարանների պատգամավոր է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում։ Նա Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր, Հայաստանի և Արցախի Արիության մեդալի շքանշանակիր:
Ռուստամ Գասպարյանին և նրա 26-ամյա որդուն՝ Ռաֆայել Գասպարյանին, զինվորական կարգով հողին են հանձնել հոկտեմբերի 19-ին հայրենի Ջանֆիդա գյուղի գերեզմանատանը։